Կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը
Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում:Այն նախնական հաշտության պայմանագիր էր, որով ավարտվեց 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթում։ Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն՝ Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։